10.02.2016
Լոգիստիկ ծառայությունների աութսորսինգ

«Լոգիստիկայի աութսորսինգ» տերմինը նշանակում է պաշարների ղեկավարման, ապրանքների առաքման ու պահեստավորման, ինչպես նաև այդ բիզնես-պրոցեսների հետ կապված բոլոր գործընթացների իրականացման պատվիրումը երրորդ կողմին:

Այս ծառայությունն անհրաժեշտ է առաջին հերթին ընդլայնման ու զարգացման նպատակ ունեցող ընկերություններին (օրինակ՝ տարածաշրջանային մակարդակից դեպի ազգային մասշտաբների աճի և այլն): Այսպիսով, լոգիստիկ աութսորսինգը, նախևառաջ, անհրաժեշտ է մանրումիջին բիզնես-գործունեություն ծավալող ընկերություններին, քանի որ որպես կանոն խոշոր ընկերություններն ունեն իրենց սեփական լոգիստիկ ստորաբաժանումները:

Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ ամեն ինչ այդքան էլ միանշանակ չէ: Լոգիստիկայի աութսորսինգը կարող է անհրաժեշտ լինել ընդլայնվելու նպատակ ունեցող ցանկացած ընկերության, այդ թվում շատ խոշոր ընկերություններին, որոնց համար ներքին լոգիստիկայի ձևավորման վրա ժամանակ ծախսել բոլորովին շահավետ չի: Հայտնի փաստ է, որ ընդլայնման դեպքում ընկերության համար դժվար է բյուրոկրատական շատ հարցերը լուծելը, իսկ աշխատակազմի մեծացման դեպքում ինստրուկցիաների, ներքին կանոնների ու կարգերի քանակը մեծանում է համարյա երկրաչափական պրոգրեսիայի արագությամբ: Աութսորսինգը հենց օգնում է ընկերություններին ազատվել այդ խնդիրներից, որոնք շեղում են ղեկավարներին կարևոր հարցերով զբաղվելուց:

Երկրորդ հերթին, լոգիստիկ աութսորսինգը հաճախ անհրաժեշտ է լինում խոշոր ընկերություններին, որոնք գիտակցում են, որ մաքսիմալ արդյունավետության կարելի է հասնել միայն ապրանքի ինքնարժեքի իջեցման եղանակով: Սեփական լոգիստիկայի բաժին ունենալը հաճախ ազդում է արտադրանքի ինքնարժեքի բարձրացման վրա, քանի որ այդ բաժինը պահելու համար մշտական ծախսեր են պահանջվում ՝ անկախ դրա աշխատանքի ծանրաբեռնվածության մակարդակից: Աութսորսինգային ընկերության դիմելիս այդ ծախսերից կարելի է խուսափել:

Անհրաժեշտ է ընդգծել նաև, որ սեփական լոգիստիկ ծառայությունները երբեմն կարող են ներքին մոնոպոլիայի դեր ունենալ, քանի որ նրանց ծառայությունները հաճախ ավելի թանկ են շուկայական առաջարկներից: Շատ ձեռնարկատերեր խոստովանում են, որ այն դեպքում, երբ լոգիստիկ ծառայությունը տրանսպորտային միջոցներով ու պահեստով հանդերձ հանդիսանում է ընկերության կառուցվածքային ստորաբաժանում, նրա ծառայության իրական արժեքը որոշելը գրեթե անհնար է: Արդյունքում նման դեպքում ընկերությունները ստիպված են լինում լոգիստիկայի համար հարկ եղածից ավել վճարել:

Երրորդ հերթին, արտաքին լոգիստիկ օպերատորի ծառայություններից օգտվելը զգալիորեն թեթևացնում է տեղական արտադրողների աշխատանքը, որոնց գործունեությունը հիմնված է ապրանքների, առանձին բաղադրիչների կամ պատրաստի արտադրանքի արտահանման ու ներմուծման վրա: Լոգիստիկ ծառայությունների ամբողջական համալիրը ներառում է դեպի սահման ու սահմանից ապրանքների առաքումը, բեռների մաքսային ձևակերպումները, պահեստային տարածքների տրամադրումն ու հաճախորդի ցանկության դեպքում դրանցում ապրանքանյութական պաշարների անհրաժեշտ ծավալների պահպանումը:
 

Ընկերության կողմից լոգիստիկ աութսորսինգին անցնելու առավելությունները.
 

  • Պակասում են ընկերության զարգացման համար անհրաժեշտ ծախսերի կրճատումները;
     
  • Երկրորդական ծախսերը հաստատունից դառնում են փոփոխական;
     
  • Հնարավորություն է ստեղծվում կենտրոնանալ ընկերության հիմնական գործունեության վրա՝ ազատելով բիզնես-գործընթացների համար անհրաժեշտ ռեսուրսները:
     
  • Կարելի է արագ ու բարձր մակարդակով անցկացնել ընկերության համար անհրաժեշտ փոփոխությունները, հնարավորություն է ստեղծվում կրճատել տեխնոլոգիական պրոցեսների տևողությունը;
     
  • Նոր գաղափարների առաջացման դեպքում հնարավորություն է ստեղծվում ընկերությունը հասցնել այն վիճակին, որը թույլ է տալիս կյանքի կոչել այդ գաղափարները;
     
  • Մեծանում է ընկերության վերահսկողության հնարավորությունը: Կազմակերպչական կարգը համապատասխանում է բիզնեսին, դրա արդյունավետության ու աճի տեմպին;
     
  • Աութսորսինգին անցնելուց ընկերությունը լոգիստիկ պրոցեսների վերաբերյալ ստանում է առավել բարձր դասի իրազեկման հնարավորություն;
     
  • Հնարավորություն է ստեղծվում կիրառել ամբողջական լոգիստիկ պրոցեսների վերաբերյալ նոր փորձառություն:
 

 

Լոգիստիկ աութսորսինգ՝ կիրառումը ձեր բիզնեսում

Լոգիստիկ աութսորսինգի հիմնական կոնցեպցիան կայանում է հետևյալում՝ կորում է լոգիստիկ գործընթացների կազմակերպման ընթացքում (որոնք ընկերությունը վստահում է արտաքին գործընկերոջը) սեփական ռեսուրսների օգտագործման անհրաժեշտությունը: Այն գործընթացները, որոնք չեն դասվում ձեր հիմնական գործունեության տեսակին անհրաժեշտ է գնահատել աութսորսինգի հնարավորություններին համապատասխան:

Ի տարբերություն ընկերության սեփական ներքին լոգիստիկ ծառայության՝ աութսորսինգ ծառայություններ մատուցող ընկերությունը միշտ ավելի մոտիվացված կլինի աշխատանքի արդյունավետության բարձրացման գործում, քանի որ իրականացվող աշխատանքի որակի հետ կապված ֆինանսական պատասխանատվություն է կրում և տրամադրում իրավական երաշխիք:


Աութսորսինգային ծառայություններին անցնելու հետ կապված խոչընդոտները.

● Վերահսկողությունը կորցնելու անհանգստություն, կողմնակի ընկերությանը կոմերցիոն գաղտնիքները վստահելու ու փոփոխությունների նկատմամբ վախի զգացում;
● Առկա լոգիստիկ ծախսերի հստակ հաշվարկի, դրանց ու աութսորս ծառայությունների կողմից առաջարկած արժեքի համեմատության հետ կապված բարդություններ;
● Բիզնեսի զարգացման մեջ աութսորսինգի սկզբունքների կարևորության մասին իմացության բացակայություն:

Հարկ է նշել, որ շուկայում հաջողության հասնելու ցանկություն ունեցող արտադրողներին կամ դիստրիբյուտորներին անհրաժեշտ է ստանալ ամբողջական լոգիստիկ ապահովում: Դա օգնում է զգալիորեն նվազեցնել ծախսերն ու օպտիմալացնել արտադրողից դեպի սպառողը արտադրանքի ճանապարհը:

Դիստրիբյուցիայի գործընթացի կարևորագույն բաղադրիչ են հանդիսանում պահեստները: Պահեստավորման որակն ու եղանակները անմիջական ազդեցություն ունեն հաճախորդներին արտադրանքի ժամանակին առաքման ու առաքվող ապրանքի որակի պահպանման վրա:

 

Որքա՞ն է լոգիստիկ աութսորսինգի ծառայության արժեքը

Արտադրական ու առևտրային ընկերության լոգիստիկայի որոշ մենեջերները գտնում են, որ արտաքին ծառայության ներգրավումը չափազանց թանկ է ստացվում: Նրանք կարծիք են հայտնում, որ ընկերության համար առավել շահավետ է օգտագործել սեփական տրանսպորտային միջոցները, կամ բեռների տեղափոխման համար ներգրավել տրանսպորտային ընկերությունների: Լոգիստիկ (աութսորս) ընկերությունների աշխատակիցները ըմբռնումով են մոտենում նմանատիպ հայտարարություններին, քանի որ.

-Առաջին հերթին, դժվար է օբյեկտիվ գնահատականի սպասել այն մենեջերների կողմից, որոնց եկամուտը կարող է նվազել ընկերության կողմից լոգիստիկ աութսորսինգի ծառայությունից օգտվելու դեպքում:
-Երկրորդը՝ տրանսպորտային ընկերությունների ու լոգիստիկ կազմակերպությունների կողմից առաջարկվող ծառայությունների միջև էական տարբերություն կա: Եթե լոգիստները, որոնց հետ ընկերությունը պայմանագիր է կնքում, ուշացնում կամ ձախողում են ապրանքի մատակարարումը, համապատասխան տույժեր են մուծում: Տրանսպորտային ընկերությունները նման պայմաններով չեն համագործակցում, հատկապես, եթե աշխատում են առանց կանխավճարի, ինչպես հիմնականում և արվում է:
- Երրորդ հերթին, լոգիստները կարծում են, որ ծառայության արժեքը պետք է համապատասխանի որակին: Մասնավորապես, մաքսային հարցերով և արտաքին տնտեսական բեռների մոնիտորինգի մասնագետների ծառայություններն իրենց կարքիծով չեն կարող էժան գնահատվել:
-Չորրորդը՝ լոգիստիկ ընկերությունների ծառայության արժեքը կախված է կողմերի միջև կնքված պայմանագրից. մեկանգամյա պայմանավորվածության դեպքում աութսորս ծառայությունն ավելի թանկ է, քան մեկ կամ երեք տարվա պայմանագիր կնքելու դեպքում:

Որպես օրինակ կարելի է բերել մի խոշոր ընկերության՝ ավտոպարկ, պահեստներ ու բաշխման կենտրոններ ներառող կազմակերպված սեփական լոգիստիկայի ծառայությամբ: Այն սպասարկում էր Ռուսաստանի եվրոպական մասում գործող տասնյակ մատակարարների ու թվով 100-ից ավել մանրածախ առևտրային կազմակերպությունների: Այդ ընկերության լոգիստիկայի տնօրենն ինքն առաջարկեց ղեկավարներին անցնել լոգիստիկայի աութսորսինգի ձևաչափին:

Ստացվում է, որ լոգիստիկայի տնօրենը մի առաջարկ է անում, որը փաստացի կարող է իրեն առանց աշխատանքի թողնել:

Այս է ներկայիս իրողությունը՝ մենեջերը, որը հետաքրքրված է ընկերության առաջխաղացմամբ, որոշում է կայացնում նոր լիցք հաղորդել ընկերության զարգացման գործընթացին: Այսինքն, եթե լոգիստիկ աութսորսինգը թույլ է տալիս առավել արդյունավետ դարձնել ընկերության աշխատանքը , ապա այդպիսի հնարավորության մասին պետք է խոսել: Բիզնեսում անհրաժեշտ է հետևել որոշակի օրենքների, որոնց անտեսումը կարող է հանգեցնել լճացման, որն էլ ի վերջո տանում է դեպի փակուղի:

Այսպիսով, այսօրվա դրությամբ լոգիստիկ աութսորսինգը հանդիսանում է բիզնեսի արդյունավետության բարձրացման առավել ամենաարդյունավետ միջոցներից մեկը :


Աղբյուր՝ www.logists.by

Լոգիստիկ կենտրոն
ՀՀ, Երևան, 0043,Արարատյան 62/23
+374 60 70 60 60
info@uls.am