08.07.2015
Տեղի ունեցավ ՈւԼՍ լոգիստիկ կենտրոնի պաշտոնական բացումը

Urban Logistic Services (ULS) ընկերությունը հայտնում է իր լոգիստիկ կենտրոնի պաշտոնական բացման մասին, որը տեղի ունեցավ 2015 թ. հուլիսի 7-ին Երևանում: ULS-ն ամբողջ Կովկասում համաշխարհային կարգի առաջին և միակ լոգիստիկ օպերատորն է, որը ներկայացնում է լոգիստիկ ծառայությունների ամբողջական համալիր՝3PL ձևաչափով (Third Party Logistics), ինչի շնորհիվ հայկական արտադրական և առևտրային կազմակերպությունները, ներմուծողներն ու արտահանողները, ինչպես նաև շուկայի այլ մասնակիցներ հնարավորություն ունեն աշխատելու միջազգային չափանիշներին համապատասխան:

Կենտրոնի բացման պաշտոնական արարողությանը մասնակցում էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, բարձրաստիճան այրեր, հայաստանյան և արտասահմանյան բիզնես-էլիտայի ներկայացուցչիներ, օտարերկրյա հյուրեր:

Նախագահը շրջայց կատարեց կենտրոնում, ծանոթացավ ժամանակակից չափանիշներին համապատասխան կառուցված պահեստային համալիրի հնարավորություններին, կատարված մեծամասշտաբ ներդրումներին, տեղական շուկայում ինտեգրման, բեռների պահպանման և սպասարկման գործում հայրենական արտադրողների և օտարերկրյա ընկերությունների համար «Ուրբան լոջիստիք սերվիսիս» ընկերության կողմից ստեղծված նպաստավոր պայմաններին ու Հայաստանում լոգիստիկայի զարգացման հեռանկարին:

Շրջայցի ժամանակ Հանրապետության Նախագահին ներկայացվեց, որ շուրջ 7 հա ընդհանուր մակերեսով պահեստային համալիրը՝ ժամանակակից ներքին ու արտաքին պահեստային ենթակառուցվածքներով և եվրոպական պահեստային տեխնոլոգիաներով, համապատասխանում է անվտանգության ու պահպանման պայմանների ապահովման միջազգային չափանիշներին:

Ծրագրի պաշտոնական մասում ելույթ ունեցան Urban Logistic Services ընկերության ղեկավարներն ու հյուրերը, որոնք ներկայացրեցին ULS նախագիծը, անդրադարձան Հայաստանում լոգիստիկայի հեռանկարներին և պատմեցին բիզնեսի համար ստեղծվելիք նոր ծառայությունների ու հնարավորությունների մասին:

Ինչպես կենտրոնի բացմանը նշեց ընկերության տնօրեն Վահե Պետրոսյանը, նախագծի մեկնարկը Հայաստանի տնտեսության համար խոշոր իրադարձություն է, որը կնպաստի Կովկասում Հայաստանի տարանցիկ դերի բարձրացմանն ու տնտեսության միջազգային ինտեգրմանը:

Շնորհիվ Հայաստանի յուրահատուկ աշխարհագրական դիրքի և նրա անդամակցությանը ԵՏՄ-ին, ըստ Վ.Պետրոսյանի, լոգիստիկ կենտրոնը նոր հնարավորություններ է ընձեռում Ասիայից և Մերձավոր Արևելքի երկրներից դեպի Վրաստան, Ռուսաստան, Բելառուս, ԵՄ երկրներ և հակառակ ուղղությամբ լոգիստիկայի իրականացման համար:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն իր ելույթի խոսքում նշեց, որ ULS նախագծի իրականացումը զգալիորեն կբարձրացնի Հայաստանի տարածաշրջանային դերն ու նշանակությունը. «Ես շնորհավորում եմ բոլորիս հերթական ներդրումային նախաձեռնության և միջազգային չափանիշներով ենթակառուցվածք ունենալու առթիվ: Նման ժամանակակից բարձրակարգ համալիրի կառուցման և գործարկման ծրագիրն այլընտրանք չունի՝ քան հաջողելը և շարունակաբար ընդլայնվելը: Նախագիծն ակնհայտորեն դիպուկ է, քանի որ լիարժեք համահունչ է տնտեսական քաղաքականության ընդունված ուղղություններին, տարեցտարի նոր թափ ստացող արտահանման վրա հիմնված արդյունաբերական քաղաքականության իրականացմանը»:

Կ.Ճշմարիտյանի խոսքերով՝ տնտեսական աճի ապահովման ծանրությունն աստիճանաբար տեղափոխվում է արտահանման կողմնորշման, մշակվող արդյունաբերության և գյուղատնտեսական մթերքների արտադրության ճյուղերում: Իրականացվող ոլորտային ռազմավարությունը միտված է այդ ճյուղերում մրցունակության բարձրացմանն ու տնտեսության արտահանելի հատվածի ընդլայնմանը, իսկ զարգացած և անխափան գործող ենթակառուցվածքը, ըստ նրա, դրա առաջնային երաշխիքներից է:

Այսպիսով, կարևորելով լոգիստիկ կենտրոնի առկայությունը, Կ.Ճշմարիտյանն ասաց, որ հայ գործարարներն արտաքին շուկաներ դուրս գալու համար ստիպված են հաղթահարել ավելին, քան նրանց մրցակիցները, փոխադրումների համար հատկացնելով լրացուցիչ ժամանակ և ծախսեր, և այստեղ արտահանման լոգիստիկայի արդյունավետ կառավարման միջոցով է հնարավոր դառնում կրճատել ծախսերն ու ամուր դիրքեր զբաղեցնել արտաքին շուկայում:

Ըստ նախարարի, ժամանակակից միջազգային չափանիշներին համապատասխանող ենթակառուցվածք ունենալը չափազանց կարևորվում է տարածաշրջանային համագործակցության ծրագրերում Հայաստանի ներգրավվածությունը ապահովելու համար: Օրինակ, ինչպես նշեց նախարարը, այդպիսի հեռանկարային և գլոբալ ծրագիր է Մետաքսի ճանապարհին նախագիծը, որը ենթադրում է պատշաճ ենթակառուցվածք և ծառայությունների մատուցման կարողություններ՝ Հայաստանը համընդհանուր առևտրային և ներդրումային հոսքերի արժեշղթայում դիրքավորելու համար: 

«Նման նախագծերով մենք գործարար և ներդրումային խիստ ստանդարտներ ենք արմատավորում մեզանում, ինչն առաջավոր մշակույթ է ձևավորում երկրում գործարար փոխհարաբերություններում՝ դրանով իսկ մեծացնելով հայրենական շուկայի գրավչությունը»,- ասաց էկոնոմիկայի նախարարը:

«Կասկած չի հարուցում, որ համալիրը կարճ ժամանակահատվածում կհասնի նախատեսված հզորությունների լիարժեք գործարկմանը՝ արդեն իսկ ստեղծված 70 աշխատատեղին ավելացնելով ևս 230-ը»,- ասաց Կ.Ճշմարիտյանը:

ULS պահեստային համալիրը համապատասխանում է  անվտանգության և պահպանման պայմանների միջազգային չափանիշներին, ունի ժամանակակից ներքին ու արտաքին պահեստային ենթակառուցվածքներ և հագեցած է եվրոպական պահեստային տեխնոլոգիաներով:

Համալիրը (ընդհանուր մակերեսը՝ շուրջ 7 հա) բաղկացած է 45000 պալետատեղ հզորությամբ կենտրոնական պահեստից, 5000 քմ ընդհանուր մակերեսով վարձով տրվող թվով 15 պահեստային տարածքներից, 4500 խմ տարողությամբ թվով 9 սառնարանային պահեստներից և 1200 քմ մակերեսով գրասենյակային տարածքից:

ULS ընկերությունն արդեն սպասարկում է ավելին քան 100 հայկական և միջազգային ընկերությունների՝ հետևյալ ծառայությունների շրջանակներում՝ cross-docking (հավաքական բեռներ), բեռների պահատվություն, պահեստային մշակման բոլոր տեսակներ, փաթեթավորում, առաքում հասցեներով և այլն:

Միջոցառման լուսանկարները կարող եք գտնել հետևյալ ֆոտոալբոմում:

Լոգիստիկ կենտրոն
ՀՀ, Երևան, 0043,Արարատյան 62/23
+374 60 70 60 60
info@uls.am