25.08.2015
«Պիկ-Պակ» ընկերությունը ULS լոգիստիկ օպերատորին հանձնեց իր պահեստային գործընթացների ամբողջական կառավարումը

«Պիկ-Պակ» ընկերությունը վերակազմավորեց իր պահեստային համակարգը՝Urban Logistic Services (ULS) լոգիստիկ օպերատորին հանձնելով իր պահեստային գործընթացների ամբողջական կառավարումը: Այս կարևոր քայլը պայմանավորված էր ULS ընկերության պահեստային համալիրի անվտանգության բարձրակարգ համակարգով և աշխատանքի օպերատիվությամբ, ինչպես նաև՝համագործակցության շահավետ ֆինանսական պայմաններով:

Համագործակցության արդյունքում «Պիկ-Պակ» ՍՊԸ-ն հնարավորություն է ստանում օգտվելու ULS ընկերության բազմաթիվ հնարավորություններից ու ծառայություններից, այդ թվում՝պատասխանատու պահառություն, պատվերների կոմպլեկտավորում, փաթեթավորում և վերափաթեթավորում, պիտակավորում, նախավաճառքային մշակում, բեռնում ու բեռնաթափում, պատվերների առաքում և այլն:

Ապագայում պլանավորվում է համագործակցության ընդլայնում, մասնավորապես, «Պիկ-Պակ»-ը, որպես ներմուծող, հետաքրքրված է ULS ընկերության բեռների մաքսազերծման ու մաքսային ձևակերպման ծառայություններով:

Urban Logistic Services լոգիստիկ օպերատորի հետ համագործակցությունը «Պիկ-Պակ» ընկերությանը հնարավորություն է ընձեռում սպասարկման նոր որակ առաջարկել իր հարյուրավոր հաճախորդներին: ULS ընկերության կողմից իր գործընկերների համար լոգիստիկայում առկա բոլոր խոչընդոտների վերացման շնորհիվ «Պիկ-Պակ» ՍՊԸ-ն հնարավորություն ունի ընդլայնել իր ապրանքատեսականին 2-3 անգամ, ինչպես նաև ներմուծել նորերն ու ավելացնել վաճառքների ծավալը, այդ թվում՝դեպի ՀՀ մարզեր:

 

Տեղեկություն

«Պիկ-Պակ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2005թ.-ին և զբաղվում է մեծածախ առևտրով, ներմուծելով մաշկի խնամքի միջոցներ, օճառ, տնտեսական ապրանքներ, այդ թվում՝ լվացող-մաքրող միջոցներ: Ընկերությունը հանդիսանում է լեհական Belle Jardin Cosmetics, ուկրաինական УкраинскиеПромышленныеРесурсы, ռումինական Asil Cosmetics ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, ինչպես նաև համագործակցում է լեհական Laboratorium Kosmetyczne Canexpol ընկերության հետ:

Urban Logistic Services ընկերությունը Հայաստանում առաջին և միակ լոգիստիկ օպերատորն է, որը ներկայացնում է լոգիստիկ ծառայությունների ամբողջական համալիր՝ 3PL ձևաչափով (Third Party Logistics), այդ թվում՝ բեռների պահեստավորում, մաքսային ծառայություններ, պատվերի կոմպլեկտավորում, պիտակավորում, մակնշում և առաքում: ULS –ի A դասի ժամանակակից, ունիվերսալ պահեստային համալիր, որը համապատասխանում է անվտանգության և պահպանման պայմանների միջազգային չափանիշներին, ունի ժամանակակից ներքին ու արտաքին պահեստային ենթակառուցվածքներ և հագեցած է եվրոպական պահեստային տեխնոլոգիաներով:

ULS պահեստային համալիրը (ընդհանուր մակերեսը՝ շուրջ 7 հա) բաղկացած է 45000 պալետատեղ հզորությամբ կենտրոնական պահեստից, 5000 քմ ընդհանուր մակերեսով վարձով տրվող թվով 15 պահեստային տարածքներից, 4500 խմ տարողությամբ թվով 9 սառնարանային պահեստներից և 1200 քմ մակերեսով գրասենյակային տարածքից: ULS ընկերությունն արդեն սպասարկում է ավելին քան 100 հայկական և միջազգային ընկերությունների՝ հետևյալ ծառայությունների շրջանակներում՝ cross-docking (հավաքական բեռներ), բեռների պահատվություն, պահեստային մշակման բոլոր տեսակներ, փաթեթավորում, առաքում հասցեներով և այլն:

Լոգիստիկ կենտրոն
ՀՀ, Երևան, 0043,Արարատյան 62/23
+374 60 70 60 60
info@uls.am